ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Երևանի բոլոր բնակելի շենքերի մուտքերի դռների վրա մինչև տարեվերջ կտեղադրվեն էլեկտրոնային կողպեքներ։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընդգծեց, որ մինչ օրս մայրաքաղաքում կան բազմաբնակարան շենքեր, որոնք չունեն դռներ, կամ էլ դռների վրա տեղադրված չեն էլեկտրոնային կողպեքներ:
Նա կարգադրեց քաղաքի բոլոր վարչական շրջաններում գույքագրում անել հասկանալու համար նման բնակելի շենքերի քանակը։
«Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել համատիրություններին օգնելու համար, որպեսզի մինչև տարեվերջ բազմաբնակարան շենքերի բոլոր մուտքերը դուռ ունենան, իսկ դռները` էլեկտրոնային կողպեքներ»,- ասաց Սարգսյանը:
Քաղաքային իշխանությունը պատրաստ է նաև ֆինանսական մասնակի օգնություն ցուցաբերել։ Քաղաքապետն ընդգծեց, որ ըստ վիճակագրության` բնակարանային գողությունները լինում են հիմնականում այն շենքերում, որտեղ չկան դռներ կամ կողպեքներ։