ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, գործարարների, լրագրողների դեմ։
Այսպես, պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոյի, շինարարության նախարար Իրեկ Ֆայզուլինի, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի, Դաշնության խորհրդի առաջին փոխխոսնակ Անդրեյ Տուրչակի նկատմամբ:
Նոր պատժամիջոցների ցուցակում ընդգրկված են նաև «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, «Տրանսնեֆտի» ղեկավար Նիկոլայ Տոկարևը, «Պրոմսվյազբանկի» ղեկավար Պյոտր Ֆրադկովը, գործարարներ Ալիշեր Ուսմանովը, Պյոտր Ավենը, Միխայիլ Ֆրիդմանը, Ալեքսանդր Պոնոմարենկոն, Գենադի Տիմչենկոն, Ալեքսեյ Մորդաշովը:
Պատժամիջոցների տակ են հայտնվել Սևծովյան նավատորմի հրամանատարի առաջին տեղակալ Սերգեյ Պինչուկը, Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալներ Ալեքսեյ Ավդեևը և Ռուստամ Մուրադովը։
Բացի այդ, սահմանափակող միջոցներն անդրադարձել են թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինին, կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանին, լրագրողներ Օլգա Սկաբեևային, Մոդեստ Կոլերովին, Ռոման Բաբայանին, Զախար Պրիլեպինին, Անտոն Կրասովսկուն, Արկադի Մամոնտովին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրանից հետո հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։
Փետրվարի 24–ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը։ Պատժամիջոցներ կկիրառեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ։