ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անտարբեր է իր դեմ պատժամիջոցներ սահմանելուն։ Սակայն պետության ղեկավարի դեմ պատժամիջոցների հայտարարումն ինքնին ահեթեթ է և անհեռատես։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պատժամիջոցների մեջ բավականին անհեթեթ դրույթներ կան ակտիվների մասին և այլն։ Բայց բոլորն էլ գիտեն, որ ոչ մի ակտիվ, բացի նրանցից, որոնք հայտարարագրվում են ամեն տարի կցորդի չափով ու բնակարանի, նախագահն ինչ-որ բանկային ավանդներ չունի։ Դրա համար էլ նա բավականին անտարբեր է վերաբերվում, բայց եթե խնդիրների լուծման տեսանկյունից նայենք, ապա, իհարկե, պետության ղեկավարի դեմ պատժամիջոցների սահմանման փաստն ինքնին ոչ պակաս անհեթեթ է ւկ բավական անհեռատես», - ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական դիրքորոշում ունի և թշնամական բնույթի միջոցներ է ձեռնարկում:
«Եվրամիությունը միավորում է, որը ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում մեր նկատմամբ, ոչ բարեկամական թշնամական բնույթի միջոցներ է ձեռնարկում մեր դեմ։ Ուկրաինայի տարածք զենքի, սպառազինության, զինամթերքի մատակարարումը, մեր տեսանկյունից, կարող է և՛ չափազանց վտանգավոր, և՛ ապակայունացնող գործոն դառնալ, որն ամեն դեպքում ոչ մի կերպ չի նպաստի ո՛չ Ուկրաինայի կայունությանը, ո՛չ էլ կարգուկանոնի հաստատմանը, ոչ մի բանի, իսկ երկարաժամկետ հեռանկարում կարող է շատ ավելի վտանգավոր հետևանքներ ունենալ», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նա նշել է, որ դա Ուկրաինայի ապառազմականացման հարցում Ռուսաստանի իրավացիության ևս մեկ ապացույց է:
«Դա ևս մեկ անգամ հաստատում է Ռուսաստանի իրավացիությունն այն միջոցներում, որոնք ձեռնարկվում են երկրի ապառազմականացում իրականացնելու համար, որն, ընդհանուր առմամբ, հակված է բավականին ագրեսիվ, իսկ հաճախ՝ հանցավոր ձգտումների, ինչպես դա եղել է ԴԺՀ - ի ու ԼԺՀ-ի հանրապետությունների նկատմամբ», - ավելացրել է Պեսկովը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրանից հետո հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։
Փետրվարի 24–ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը։ Պատժամիջոցներ կկիրառեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ։