Արցախի ԱԱԾ–ն աշխատում է Խրամորթում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ

Արցախի ԱԱԾ–ն բանակցում է ռուսական խաղաղապահ ուժերի հետ՝ Ադրբեջանի կողմից իրականացվող հոգեբանական գրոհի գործիքները բացառելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն աշխատում է Ասկերանի շրջանի Խրամորթ և մյուս համայնքներում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, հայտնում են Արցախի ԱԱԾ–ից։
Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում, այդ թվում Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի տարածքում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի մտահոգություն են առաջացրել արցախցիների շրջանում:

Նշվում է, որ Ադրբեջանի կողմից տարբեր մեթոդների կիրառմամբ հոգեբանական գրոհը թեև ինքնին մտահոգիչ է, այդուհանդերձ ինչպես Արցախի բնակիչները, այնպես էլ պետական մարմիններն առավելապես պետք է աշխատեն անվտանգության իրական ու առարկայական բաղադրիչները բարելավելու ուղղությամբ:

«Այդ առումով ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկում է բոլոր միջոցները Խրամորթ և այլ համայնքներում բնակչության կյանքն ու առողջությունը հնարավոր ոտնձգություններից պաշտպանելու և անվտանգային կայուն ու հուսալի համակարգ ձևավորելու ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Ծառայությունը բանակցում է նաև ռուսական խաղաղապահ ուժերի հետ՝ Ադրբեջանի կողմից իրականացվող հոգեբանական գրոհի գործիքները բացառելու համար:
Խրամորթը լքելու կոչեր էլ չեն հնչել, Խոջալուի շինծու ջարդերի մասին մուղամ են «հրամցրել»
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսած ադրբեջանական կողմը Ասկերանի շրջանի շփման գծի Խրամորթ-Ակնա (Աղդամ) հատվածում մի քանի անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակել դաշտավայրում աշխատող տրակտորիստի ուղղությամբ, այնուհետև հաջորդ օրը գյուղացիներին բանավոր զգուշացրել են լքել տարածքը: Անհաջող այս փորձերին հաջորդել են բարձրախոսով կոչերը:
Հայտնել էինք, որ վերջին օրերին ադրբեջանցիներն Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից պահանջում են լքել գյուղը։ Ադրբեջանցիները բարձրախոսով հայտարարում են, որ գյուղը ադրբեջանական տարածք է և տեղի բնակիչները պետք է հեռանան այնտեղից։