ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Կիևի մերձակայքում Ռուսաստանի զինված ուժերի և ուկրաինական բանակի միջև բախումների հետևանքով այրվել է Գոստոմելի օդանավակայանում կանգնած An-225 Mriya ինքնաթիռը։
Տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական կոնցեռնը։ Ընկերությունը նշում է, որ ինքնաթիռի վերականգնումը կարժենա մոտ 3 մլրդ դոլար։
An-225 -ն աշխարհի ամենամեծ ինքնաթիռն էր: Այն նախագծվել և արտադրվել է ԽՍՀՄ-ում, Կիևի մեխանիկական գործարանում 1984-1988 թվականներին, միայն մեկ` եզակի օրինակով։ Առաջին թռիչքն իրականացվել է 1988 թվականի դեկտեմբերի 21-ին։
Ինքնաթիռը սկսել է գործել 1989 թվականին և կարող էր տեղափոխել 150-200 տոննա բեռ։ Ուկրաինայի անկախության տարիներին An-225–ը շահագործվում էր «Անտոնով» ավիաընկերության կողմից։ Վերջին անգամ Mriya-ն օդ է բարձրացվել 2020 թվականի մարտին։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: