ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Անազատության մեջ գտնվող անձանց մեծ մասը քրեակատարողական հիմնարկներից դուրս գալուց հետո հաճախ բախվում է հասարակության մեջ իրեն կրկին վերագտնելու դժվարությանը և առաջ է գալիս նաև զբաղվածության ապահովման խնդիրը։ Այդ խնդիրը հաճախ կապված է ոչ թե անձի դատապարտված լինելու, այլ ուսման կամ հմտությունների բացակայության հետ։ Այժմ ՔԿՀ–ներում ուսման հարցը, կարելի է ասել, լուծվում է։
Sputnik Արմենիան դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն` պարզելու, թե քանի՞ մարդ է պահվում ՔԿՀ–ներում և ինչպե՞ս է իրականցվում նրանց ուսուցումը։
Ինչպե՞ս է կազմակերպվում ազատազրկվածների կրթությունը
ՀՀ ազատազրկման վայրերում պահվում է 2142 անձ, որից 965-ը դատապարտյալ է (86–ը` ցմահ), իսկ 1177–ը կալանավորված։ Նրանցից 37-ը ստանում է հանրակրթական, 223-ը` մասնագիտական, 7-ը` բարձրագույն, հետբուհական ուսուցում։ Միջոցառումներն ու կրթական ծրագրերն իրականացվում են և՛ հեռավար (կորոնավիրուսային հիվանդության պատճառով), և՛ դեմ առ դեմ ձևաչափով։
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021 թվականին ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արմավիր», «Սևան», «Կոշ», «Նուբարաշեն» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում և պրոբացիայի ծառայությունում իրականացվել են հետևյալ դասընթացները.
1. «Հայոց լեզու և գրականություն»
2. «Օտար լեզու (անգլերեն/ռուսերեն)»
3. «Բիզնես գրագիտություն»
4. «Համակարգչային հմտություններ»
5. «Դեկորատիվ կիրառական արվեստ (խեցեգործություն, գծանկար, գծագրություն, մանրանկարչություն, կոլաժ, վիտրաժ)»
6. «Հայագիտություն և մշակույթ»
7. «Վարսավիրական հմտություններ»
8. «Ընտանեկան բռնության կանխարգելում (սոցիալական աշխատող)»:
Միջոցառման մեջ ներգրավված են ընդհանուր առմամբ 160 անձ, որից առ այսօր ավարտական հավաստագիր է ստացել 83, իսկ մասնակցության վկայագիր՝ 7 մասնակից:
ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ ԱՆ «Աբովյան», Արմավիր», «Սևան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում իրականացրել է նաև հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագիրը, որին նախորդ տարի մասնակցել է 15 սովորող։ Նրանցից 2-ը ավարտել է 12-րդ դասարանը և ստացել միջնակարգ կրթության ատեստատ և 1 սովորող, ավարտելով 9-րդ դասարանը, ստացել է հիմնական կրթության վկայական:
Ներկայում հանրակրթական ծրագիրն իրականցվում է «Աբովյան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում: Այստեղ կրթությունը շարունակում է 8 սովորող:
Իսկ «Արթիկ» ՔԿՀ–ում «Արթիկ երեկոյան դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված հանրակրթական ծրագրում2021-2022թթ. ուսումնական տարում ընդգրկված է 22 անձ։
12 ազատազրկված էլ նախընտրել է շախմատ խաղալ սովորել. 2021 թվականի ապրիլ ամսից Հայաստանի շախմատի ֆեդերացիան «Նուբարաշեն» ՔԿՀ–ում իրականացրել է առցանց կրթական ծրագիր:
«Աբովյան» ՔԿՀ–ում իրենց ազատազրկումն անցկացնող 15 կանայք արդեն ուսանել են «Վարսավիրական հմտություններ», «Հայոց լեզու և գրականություն», «Ընտանեկան բռնությունների կանխարգելում և հույզերի կառավարում», «Անգլերեն լեզու»։
«Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» դասընթացին և Եվրասիա միջազգային համալսարանի «Իրավագիտություն» ամբիոնի բակալավրի ծրագրով առցանց դասընթացին «Նուբարաշեն» ՔԿՀ–ից մասնակցել են 1–ական դատապարտյալ։
«Արմավիր» ՔԿՀ–ում էլ մեծ հետաքրքրություն է եղել ՏՏ ոլորտի ժամանակակից գիտելիքներ և քաղաքացիական մասնագիտություն ստանալու դասընթացների նկատմամբ` ընդգրկվել է 35 անձ։ Եվս մեկը մասնակցել է վարսավիրական դասընթացի։
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում էլ 1 դատապարտյալ հեռավար մասնակցել է ծրագրավորման դասընթացներին:
Արհեստագործական կրթական կարիքներ
Ազատազրկված անձանց կրթական մասնագիտական (արհեստագործական) կարիքների գնահատման արդյունքում, հաշվի առնելով աշխատաշուկայում առկա պահանջարկը, նրանց առաջարկվել են հետևյալ ծրագրերը.
1. «Այգեգործություն և ջերմոցային տնտեսություն»
2. «Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում»
3. «Շինարարական հմտություններ»
4. «Կահույքագործություն»
5. «Հացթուխի մասնագիտացում»
6. «Դերձակի մասնագիտացում»
7. «Կոսմետոլոգի մասնագիտացում»:
Հարցման արդյունքում շուրջ 300 դատապարտյալ ցանկություն է հայտնել մասնակցել նշված ծրագրերին: Ներկայում աշխատանքներ են տարվում վերոնշյալ ուսումնառական ծրագրերը քրեակատարողական հիմնարկներում իրականացնելու համար: