ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Թուրքիան դեռևս որոշում չի կայացրել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ռուսական ռազմանավերի շարժը սահմանափակելու մասին։ Twitter-ում այս մասին գրել է թուրք լրագրող Ռագըփ Սոյլուն՝ վկայակոչելով Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյային։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ում գրել է, որ Թուրքիան արգելել է նեղուցներով ռուսական ռազմանավերի անցումը:
«Ենթադրում եմ, որ այդ կերպ Զելենսկին խնդրում է դա անել»,-գրել է թուրք լրագրողը։
Իր հերթին Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ թուրքական կողմից ռուսական ռազմանավերի համար նեղուցները փակելու վերաբերյալ ոչ մի պաշտոնական ծանուցում չի ստացել:
Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտարարել էր, որ Կիևը Անկարայից պահանջում է փակել նեղուցները ռուսական նավերի համար: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարող է փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները, որպեսզի ռուսական ռազմանավերը չանցնեն։ Սակայն Մոնտրյոյի կոնվենցիայի համաձայն` ռուսական կողմն այս դեպքում իրավունք կունենա իր նավատորմը վերադարձնել ռազմակայան:
Մոնտրյոյի կոնվենցիան ընդունվել է 1936 թվականին։ Այն սահմանում է առևտրային նավերի համար խաղաղ և պատերազմական ժամանակներում նեղուցներով ազատ անցումը։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելել կամ սահմանափակել զինվորականների մուտքը Բոսֆորի և Դարդանելի տարածքով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: