ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններից և ծրագրի համաձայն` այսօր կեսօրին վերսկսվել է ռուսական ուժերի առաջխաղացումը։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Երեկ կեսօրին Ուկրաինայի ղեկավարության հետ սպասվող բանակցությունների կապակցությամբ Գերագույն գլխավոր հրամանատարն ու Ռուսաստանի նախագահը հրամայել էր դադարեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը»,–ասել է Պեսկովը։
Խոսելով պատժամիջոցների մասին՝ նա նշել է, որ չնայած դրանք բավականին լուրջ են, սակայն Ռուսաստանը նախապես է պատրաստվել դրանց. աժմ միջոցներ են ձեռնարկում տնտեսության անխափան աշխատանքի համար:
ՌԴ նախագահի խոսնակն ընդգծել է, որ պատժամիջոցների վնասը նվազագույնի հասցնելու անհապաղ միջոցներ են ձեռնարկվում։ Դրա համար Ռուսաստանն ունի բոլոր հնարավորություններն ու ներուժը:
Պեսկովի խոսքով` անհրաժեշտ է համակարգել գերատեսչությունների աշխատանքը, որպեսզի ՌԴ շահերից բխող պատասխան քայլեր մշակվեն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրանից հետո հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։
Փետրվարի 24–ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը։ Պատժամիջոցներ կկիրառեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ։