ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Թուրքիայի իշխանությունները հերթական մզկիթն են բացել Էդիրնե քաղաքի միջնադարյան հունական տաճարում, նշում է Jihad Watch պարբերականը։ Այս առնչությամբ Թուրքիայի կրոնական գործերի վարչության(դիյանեթ) կայքում նշվում է, որ 56 տարի անց մզկիթը կրկին կարող է ընդունել հավատացյալներին:
Դրա պատմությունը բավականին յուրօրինակ ձևով է նկարագրվում․ ասվում է, որ այդ «պատմական մզկիթը» «մզկիթի է վերածվել», երբ սուլթան Մեհմեդը գրավել է Էդիրնեն, բայց հետագայում, մի քանի երկրաշարժերից հետո, բարձիթողի վիճակում է հայտնվել(էդիրնեն Ադրիանապոլիս քաղաքի աղճատված անունն է)։
Հայտարարության մեջ չի նշվում, թե ինչպես կարող է մզկիթը «պատմական» լինել, եթե նախկինում այդ շինությունը ինչ-որ այլ բան է եղել (թե ինչ է եղել, նույնպես չի նշվում)։
Դիյանեթի կայքում կարելի է տեսնել թուրք բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կանգնած տաճարի ֆոնին, որի տեսքը ոչ մի ընդհանուր բան չունի մահմեդական ճարտարապետության հետ և անմիջապես մատնում է շինության ծագումը:
Jihad Watch-ում տպագրված հոդվածի հեղինակը պատմաբան Վասիլիոս Միխանեցիդիսն է՝ Աթենքի համալսարանի պրոֆեսոր, Օսմանյան և Քեմալական Թուրքիայում հույների, հայերի և ասորիների ցեղասպանության մասին մի շարք գրքերի հեղինակ (Միխանեցիդիսն այն սակավաթիվ պատմաբաններից է, որը հետևողականորեն ուսումնասիրում է Թուրքիայում բոլոր քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը):
Հիշատակելով Էդիրների վանքը` Միխանեցիդիսը հիշեցրել է նաև ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող մի շարք վանքերի վիճակի մասին։ Մեկ հոդվածում անհնար է պատմել դրանց մասին, քանի որ Օսմանյան Թուրքիայում մինչև 1915 թվականը միայն հայկական վանքերի թիվը հասել է 2 540-ի (եթե հաշվենք նաև հունական և ասորական վանքերը, այս թիվը 2-3 անգամ աճում է)։
Միխանեցիդիսը մասնավորապես հիշեցնում է Վան քաղաքի Հոգյաց վանքի մասին․ վանքից ընդամենը մի քանի պատ է կանգուն մնացել, որոնք հիմա օգտագործվում են որպես փարախ (եթե այդ եկեղեցին էլ «պատմական մզկիթ» է եղել, անհասկանալի է, թե ինչպես են մուսուլմանները համարձակվում անասուն պահել այնտեղ,– խմբ․)։
Վանի շրջակայքում «հայերի ոսկին» որոնողների ձեռքով գրեթե լիովին քանդված է նաև Սուրբ Բարդուղիմեոսի վանքը։ Նախկինում վանքի շենքում ոստիկանատունն էր տեղակայված, հետագայում այն լքվեց և փոխանցվեց մշակույթի նախարարությանը, որը որևէ վերականգնում չի կատարել։
7-րդ դարի ասորական Մոր-Ադդայ (Սուրբ Թադևոս) եկեղեցին՝ Իդիլ քաղաքում (պատմական անվանումը՝ Բեթ-Զաբդայ, Սիրիայի հետ ներկայիս սահմանի մոտակայքում), ներկայում օգտագործվում է որպես ամբար։ Տեղացի ասորիները, որոնք այստեղ բնակություն են հաստատել 1915-23թթ․-ի ցեղասպանությունից հետո, ստիպված էին լքել քաղաքն ու շրջակա գյուղերը՝ Քրդական աշխատանքային կուսակցության դեմ թուրքական բանակի գործողությունների պատճառով։
Ինչ վերաբերում է հունական եկեղեցիներին, ապա մզկիթի վերածված միայն Սուրբ Սոֆիայի վանքերը ժամանակակից Թուրքիայում առնվազն ինն են։ Պրոգրեսիվ թուրք պատմաբան Էրսոյ Սոյդանը այդ և այլ վանքերի մասին տվյալները հավաքագրել է իր «Թուրքիայի վանքերն ու մենաստանները» գրքում։