ՍԴ–ն վարույթ է ընդունել «Հայաստան» խմբակցության դիմումը. Վարդևանյան

Արամ Վարդևանյանը նշում է, որ մինչև ՍԴ որոշումը ԲԴԽ-ն պետք է կասեցնի արդարադատության նախարարության հարուցած վարույթները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել «Հայաստան» խմբակցության դիմումը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության առնչությամբ։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Հայտնել էինք, որ փետրվարի 15-ին «Հայաստան» խմբակցությունը հերթական դիմումն էր ներկայացրել Սահմանադրական դատարան։ Վարդևանյանի խոսքով` հաշվի առնելով երկակի ստանդարտը և հիմնավորվածության դեֆիցիտը ԱՆ կողմից դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների մասով՝ վիճարկել են դատական օրենսգրքով նախատեսված այդ լիազորության սահմանադրականությունը։

«Չափազանց կարևոր է որ այդ լիազորության երկակի ստանդարտների հնարավորությանը վերջ տրվի: ՍԴ–ն մեր այս դիմումը վարույթ է ընդունել»,–գրել է Վարդևանյանը։

Նրա խոսքով` մինչև ՍԴ որոշումը կլինի այդ դիմումի վերաբերյալ, ԲԴԽ-ն պետք է կասեցնի արդարադատության նախարարության հարուցած վարույթները։ Բացի այդ, դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը պետք է լինի իրապես ակտիվ։
Հարիր չէ խոսել առանց փաստերի ու բովանդակային պարզաբանման. Թաթոյանի պատասխանը ԲԴԽ–ին
Մասնավորապես, ըստ Վարդևանյանի, պետք է վարույթ հարուցի այն դատավորների նկատմամբ, որոնք անհարգելի պատճառով չէին ներկայացել դատավորների ընդհանուր ժողովին: