Ռուսաստանի ԶՈւ–ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ. Կոնաշենկով

Իգոր Կոնաշենկովը հայտնել է, թե ռազմական ենթակառուցվածքի ինչ օբյեկտներ է Ռուսաստանի ԶՈւ-ն շարքից հանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի ԶՈւ–ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ։ Լրագրողներին տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ընդհանուր առմամբ` ռուսական զինված ուժերը խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ։ Մասնավորապես` 14 ռազմական օդակայաններ, 19 կառավարման կետեր և կապի հանգույցներ, 24 հակաօդային պաշտպանության С-300 և Оса զենիթային հրթիռային համալիրներ, 48 ռադիոլոկացիոն կայաններ Խոցվել է 7 մարտական ինքնաթիռ, 7 ուղղաթիռ, 9 անօդաչու թռչող սարք»,–ասել է Կոնաշենկովը։

Նա հավելել է, որ շարքից դուրս են բերել 87 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի 28 համակարգեր, 118 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Բացի այդ, ըստ Կոնաշենկովի, Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ուժերով ոչնչացվել է ուկրաինական ռազմածովային ուժերի 8 մոտորանավակ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: