Շոյգուն շնորհակալություն է հայտնել Պապիկյանին Ղազախստանի վերաբերյալ արագ որոշումների համար

Սերգեյ Շոյգու. Արխիվային լուսանկար
Ռուս նախարարի տեսանկյունից, հայ ռազմական իշխանությունները ոչ հեշտ, բայց օպերատիվ որոշումներ են ընդունել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության շրջանակներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերոջը` Սուրեն Պապիկյանին, Ղազախստանում իրավիճակի սրացման ժամանակ օպերատիվ աշխատանքի համար: Երկու երկներրի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները փետրվարի 25-ին բանակցություններ են վարել։

«Դուք, որպես ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նախագահող, ընդունել եք դժվար, բայց շատ օպերատիվ, կարևոր և անհրաժեշտ որոշումներ, որոնք թույլ են տվել բավականին եռանդով և շատ արդյունավետ կերպով օգնել մեր ղազախ գործընկերներին այս իրավիճակում լուծման հարցում»,– ասել է Շոյգուն։

ՌԴ–ի պաշտպանության նախարարի խոսքով՝ Մոսկվայում հանդիպման օրակարգը ներառում է ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությանը և համատեղ աշխատանքին վերաբերող տարբեր հարցեր:
Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են 2022 թվականի առաջին օրերին։ Իշխանությունները կատարվածն անվանել են պետական հեղաշրջման փորձ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին ուղղված ուղերձից հետո Հայաստանի իշխանությունները՝ որպես կազմակերպությունում նախագահող երկիր, որոշում են կայացրել հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել այդ երկիր՝ իրավիճակը կարգավորելու համար: Առաջին խումբն ուղարկվեց հունվարի 6-ին, զորքերի դուրսբերումն ավարտվել է հունվարի 19-ին։