Ակնհայտ է, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցներն ազդեցություն կունենան եվրասիական տարածաշրջանում տնտեսական մթնոլորտի վրա։ Այսօր այս մասին Նուր–Սուլթանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների համատեղ հանդիպմանը։
«Այս առումով` մենք պետք է քննարկենք, թե ինչպիսի օպերատիվ որոշումներ պետք է ընդունել, որպեսզի այդ բացասական ազդեցությունները լինեն նվազագույն և եթե հնարավոր է, շրջանցել դրանք` իրականացնելով համապատասխան քայլեր»,– ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետն արձանագրել է, որ Նուր–Սուլթանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը համընկել է աշխարհաքաղաքական իրավիճակի կտրուկ սրման հետ:
«Ակնհայտ է, որ մենք գտնվում ենք զգայուն ժամանակահատվածում, աշխարհաքաղաքական զգայուն տեկտոնական գործընթացներում, և այս համատեքստում, իհարկե, Եվրասիական տնտեսական միությունը կարևոր ֆորմատ է, որպեսզի զարգացնենք մեր երկրների տնտեսությունները»,– ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայում իշխող ռեժիմը: Նա կոչ արեց ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը և գնալ տուն:
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Նախարարությունից վստահեցրին, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։