Պուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ ուկրաինական կողմի հետ բանակցելու

Դմիտրի Պեսկով. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Պուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ պաշտպանության նախարարության, արտգործնախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մակարդակով՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այսօր Զելենսկին հայտարարեց Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին: Սկզբում նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ գործողության նպատակն է օգնել ԼԺՀ-ին և ԴԺՀ-ին, այդ թվում՝ Ուկրաինայի ապառազմականացման և ապանացիզացման միջոցով:
Սա, ըստ էության, չեզոք կարգավիճակի անբաժանելի բաղադրիչն է, այս համատեքստում, ի պատասխան Զելենսկու առաջարկի, Պուտինը պատրաստ է բանակցությունների համար ռուսական պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների մակարդակով բանակցելու ուկրաինական պատվիրակության հետ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովի խոսքով` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցրել է Պուտինին, որ պատրաստ է ստեղծել բոլոր պայմանները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարելու և բանակցողների անվտանգության համար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Ռուսաստանը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան. Լավրով
Փետրվարի 25-ի առավոտվա դրությամբ շարքից հանվել է 118 ուկրաինական ռազմական օբյեկտ, Չեռնոբիլի ԱԷԿ-ը հսկողության տակ է վերցվել։ Ուկրաինայի ՀՕՊ միջոցները ճնշվել են, ռազմական ավիաբազայի ռազմական ենթակառուցվածքը շարքից դուրս է բերվել, նշում է Պաշտպանության նախարարությունը: