ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Վրաստանի «Վերին Լարս» հատվածով դեպի Ռուսաստան տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ներկայում թույլատրված է միայն մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը։
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։
Վրաստանի իշխանությունները աշխատանքներ են տանում Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհի՝ Կոբի–Գուդաուրի ամենաբարդ ու վտանգավոր հատվածի կառուցման ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ նախագիծը կավարտվի 2024 թվականին։
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել, այդ թվում՝ 9 կմ երկարությամբ թունել Խաչի լեռնանցքի տակ: Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։