Համացանցում տեսանյութ է տարածվել, որի համաձայն` Ուկրաինայի մայրաքաղաքում բոլոր ցանկացողնրին զենք են բաժանում` առանց փաստաթղթերն ստուգելու ու գրանցելու։
Տեսանյութի հեղինակի մեկնաբանմամբ` այն նկարահանվել է Կիևի հյուսիսային` Օբոլոնի շրջանում՝ Դնեպրի աջ ափին։
Տեսանյութում զինվորական համազգեստով անձինք ավտոմատներով արկղերը բեռնաթափում ու բացում են հենց փողոցում` դրանցում առկա զենքը հանձնելով քաղաքացիական հագուստով մարդկանց։
Տեսանյութում լսվում է, որ կազմակերպիչներից մեկը կոչ է անում. «Պաշտպանե՛ք ձեր պետությունը՝ Ուկրաինան»։
Ի պատասխան հնչում է «Փա՛ռք Ուկրաինային» բացականչությունը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Նախարարությունից վստահեցրին, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։