Մահաբեր «Բայրաքթարներ» արտադրողն աջակցել է Ուկրաինային և խոսել պատերազմի սարսափների մասին

Թուրքական ԱԹՍ–ների արտադրության ընկերության տնօրենն ուկրաիներեն գրառում է կատարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Թուրքական Baykar Makina ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի ժողովրդին` թվիթերյան իր էջում գրառում անելով։

«Ես կանգնած եմ բարեկամ Ուկրաինայի ազնիվ ժողովրդի կողքին, որը դաժանորեն բռնազավթվել է ողջ աշխարհի աչքի առաջ։ Եթե չկանխենք այս ամենը, վաղը պատերազմը թակելու է բոլոր դռները։ Ամբողջ աշխարհը պետք է գործի, քանի դեռ ուշ չէ պաշտպանել անմեղ ու խաղաղ բնակիչներին»,–գրել է Բայրաքթարը։

Նրա գրառումն, ի դեպ, ուկրաիներեն է։
Նշենք, որ Bayraktar TB2 անօդաչուներն ակտիվորեն կիրառվել են Ադրբեջանի կողմից Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում: Թուրքիան մինչ պատերազմը Ադրբեջանին տասնյակ նման սարքեր է մատակարարել։ Մի քանի պայմանագիր է ստորագրվել նաև մարտական գործողությունների ավարտից հետո։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Հարկադրված միջոց է. Պուտինը` Ուկրաինայի դեմ ռազմական գործողության մասին
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայում իշխող ռեժիմը: Նա կոչ արեց ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը և գնալ տուն:
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Նախարարությունից վստահեցրին, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։