ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել հակամարտությունը Ուկրաինայում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այս հակամարտությանը պետք է վերջ դրվի հիմա»,- ասել է նա։
Գուտերեշն իր խոսքն ուղղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ասելով.
«Հանուն մարդկության` վերադարձրե՛ք ձեր զորքերը Ռուսաստան, հանուն մարդկության` թույլ մի՛ տվեք, որ դարասկզբից ի վեր ամենավատ պատերազմը սկսվի Եվրոպայում»։
Անտոնիո Գուտերեշն ասել է, որ լայնամասշտաբ հակամարտությունն իր կործանարար ու ողբերգական հետևանքներով սպառնում է ոչ միայն Ուկրաինային ու Ռուսաստանին։
«Մենք նույնիսկ չենք կարող կանխատեսել դրա կործանարար ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա` հաշվի առնելով նաև կորոնավիրուսի հետևանքների վերացումը»,– ասել է պաշտոնյան։
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի կանխատեսմամբ` շատ երկրների համար դժվար կլինի վերականգնումը նավթի բարձր գների ու արտահանման դադարեցման պայմաններում։
«Սա իմ` գլխավոր քարտուղարի կարիերայի ամենատխուր պահն է», - լրագրողներին ասել է Գուտերեշը։
Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։
Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։
Փետրվարի 22–ի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։