Պուտինի հայտարարությունից հետո ռուբլու կուրսն անկում է ապրել

Եվրոյի փոխարժեքը 2014-ի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ հատել է 95 ռուբլու սահմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Դոնբասում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին` ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունից հետո ռուբլու կուրսն առավոտյան անկում է ապրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մեկ դոլարի փոխարժեքը, 2016-ի հունվարից ի վեր առաջին անգամ, Մոսկվայի բորսայում հատել է 84 ռուբլու սահմանը ու դարձել 84.08 ռուբլի։

Եվրոյի փոխարժեքը 2014-ի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ հատել է 95 ռուբլու սահմանը ու դարձել 95.24։
Հիշեցնենք` փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։
Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։
Փետրվարի 22–ի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։
Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։