ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով մի շարք պաշտոնաթողություններ են եղել ՀՀ զինված ուժերում։
Մասնավորապես Արմեն Հարությունյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից:
Մյուս որոշումով Անդրանիկ Մակարյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Աշխատանքից ազատվել է նաև Արթուր Պողոսյանը, որը զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնը:
Մեկ այլ որոշումով Արմեն Առուշանյանը ազատվել է ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:
Թե ովքեր կփոխարինեն պաշտոններից ազատվածներին, դեռ հայտնի չէ։ Հավելենք, որ այսօր աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Նշենք, որ Արմեն Հարությունյանը ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ – վարչության պետ էր նշանակվել 2017 թվականի մայիսի 26–ին։
Անդրանիկ Մակարյանը ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ էր նշանակվել 2019 թվականի դեկտեմբերի 3–ին։
Արթուր Պողոսյանը, որը զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնը, նշանակվել էր 2020 թվականի մարտի 23–ին։
Արմեն Առուշանյանը նշանակվել էր ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնում 2021 թվականի օգոստոսի 17–ին։