ՌԱԴԻՈ

«Չինաստանի համար կարևոր է, որ Ռուսաստանը չպարտվի». քաղաքագետ

Քաղաքագետ Մհեր Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Չինաստանի դիրքորոշումը Ռուսաստանի` Ուկրաինայում սկսած գործողության վերաբերյալ։
Sputnik
Չինաստանը սատարում է Ռուսաստանին, այնտեղ հստակ հասկանում են, որ եթե Ռուսաստանը պարտվի, ապա հետագայում ՆԱՏՕ–ն ու ԱՄՆ–ն շրջվելու են Չինաստանի ուղղությամբ։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Մհեր Սահակյանը` խոսելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակից։
Մեկնաբանելով Չինաստանի ԱԳՆ–ի տարածած հաղորդագրությունը` Սահակյանը նշեց, որ Չինաստանի ղեկավարությունը փորձում է դիվանագիտորեն արտահայտվել, բայց մյուս կողմից էլ Չինաստանը հստակ մեղադրում է ԱՄՆ–ին, նշում է, որ ԱՄՆ–ն հրահրեց պատերազմը։

«Չինաստանը նաև հստակ դատապարտում է միակողմանի պատժամիջոցները, որոնք ԱՄՆ–ն փորձում է Ռուսաստանի դեմ կիրառել։ Ընդհանուր առմամբ, ինչքան էլ Չինաստանը դիվանագիտորեն արտահայտվի, պարզից էլ պարզ է` Չինաստանը սատարում է Ռուսաստանին, այս գործընթացը նոր չէ սկսվել, այլ տարիներ առաջ»,–մանրամասնեց քաղաքագետը։

Սահակյանը նաև նշեց, որ Չինաստանը 2013թ-ից հետո արդեն ավելի ակտիվ է գործում, դարձել է գերտերություն և այսօր պետք է պաշտպանի իր համար կարևոր երկրի` Ռուսաստանի շահերը, ում հետ ստեղծում է, այսպես կոչված, արևելյան բևեռը և հենց իր համար շատ կարևոր է, որ Ռուսաստանը պարտվող կողմ չլինի։
Քաղաքական գիտությունների թեկնածուն նաև հավելեց, որ մյուս կողմից էլ Չինաստանին ձեռնտու է Ուկրաինայում իրավիճակի չափավոր լարումը, քանի որ ԱՄՆ–ն իր ամբողջ ուշադրությունն ու միջոցները կենտրոնացնում է Ուկրիանայում, և այս դեպքում Չինաստանը հնարավորություն է ստանում ավելի ազատ գործել Հարավչինական ծովում, ինչպես նաև ավելի կոշտ քաղաքականություն վարել Թայվանի հարցում։
Շոյգուն պահանջել է հարգել ուկրաինացի զինվորականներին․հանձնվողներին կվերադարձնեն տուն
Հիշեցնենք, փետրվարի 24-ի առավոտյան, Ռուսաստանի` Դոնբասում սկսած հատուկ գործողությունից հետո, Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյին հայտարարել էր, որ Չինաստանը չի պատրաստվում ռազմական օգնություն ցուցաբերել Ռուսաստանին, Ռուսաստանը ինքնուրույն կարող է գլուխ հանել Ուկրաինայում տիրող իրավիճակից։