Թուրքիան չի փակի դռները, եթե Հայաստանը... Էրդողանի հայտարարությունը

Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին աֆրիկյան շրջագայությունից վերադառնալու ճանապարհին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Թուրքիան չի փակի դռները Հայաստանի համար, եթե Երևանը վճռական է տրամադրված շարունակել հարաբերությունները նորմալացնելու գործընթացը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ աֆրիկյան շրջագայությունից վերադառնալու ժամանակ ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին։ Այս մասին հայտնում են ՌԻԱ Նովոստին։

«Եթե Հայաստանը լի է գործընթացը շարունակելու վճռականությամբ (հարաբերությունները նորմալացնելու-խմբ.), որն սկսվել է հատուկ ներկայացուցիչների կողմից, խոսք լինել անգամ չի կարող դռները փակ պահելու վերաբերյալ»,-ասել է թուրք ղեկավարը։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, բայց այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։