Շուշիի հռչակագրի հարցով ԱԺ արտահերթ նիստը հայտարարվեց չկայացած

Խորհրդարանի նիստերի դահլիճը. Արխիվային լուսանկար
Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց` ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ–ի նիստը չկայացավ։ Այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը` հրապարակելով գրանցված պատգամավորների վերջնական տվյալները։
«Գրանցվել է 31 պատգամավոր, ուստի այսօրվա նիստը համարվում է չկայացած»,– ասաց նա։
Խորհրդարանական ընդդիմության առաջարկով 12։00-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստը տապալվել էր քվորում չլինելու պատճառով ու հետաձգվել մինչև 16։00-ն։
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների գրանցումը պետք է շարունակվեր մինչեւ 16:00-ն, որից հետո քվորում չապահովվելու դեպքում նիստը կհայտարարվեր չկայացած։
Նշենք, որ նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց` ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը:
ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ընդդիմության բացակայությունը նիստից «բոյկոտ» էր որակել` ասելով, որ այդ կերպ քաղաքական մեծամասնությունը, ըստ էության, վավերացնում է այդ փաստաթուղթը և սպասարկում Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ հունիսի 15-ին այցելել էր նախ Ֆիզուլի, ապա նաև Շուշի, որտեղ տեղի է ունեցել երկկողմ համաձայնագրի (Դաշնակցության մասին հռչակագրի) ստորագրումը:
Երկու երկրների խորհրդարաններն ավելի ուշ վավերացրել են այդ փաստաթուղթը։