«Հյուսիս–հարավի» գինը բարձրանում է. շինարարությունը մնում է անավարտ

«Հյուսիս–հարավ» ճանապարհ. Արխիվային լուսանկար
Փորձագիտական ծառայություններ մատուցող բրիտանական ընկերությունը լրացուցիչ լաբորատոր փորձաքննությունների համար Հայաստանից լրացուցիչ գումար է պահանջել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն իրականացնող իսպանական «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության ու ՀՀ կառավարության միջև ծագած արբիտրաժային վեճերի լուծման համար ՀՀ կառավարությունը նախատեսված գումարից ավելի կծախսի։
ՀՀ շահերի պաշտպանության նպատակով փորձագիտական ծառայությունների ձեռքբերման համար նախկինում հատկացված 1 175 000 ԱՄՆ դոլարի փոխարեն կառավարությունը ստիպված կլինի 1 380 000 ԱՄՆ դոլար վճարել։

Բանն այն է, որ փորձագիտական ծառայությունների մատուցման համար ընտրված բրիտանական «Արկադիս Քոնսալթինգ» ընկերությունը լրացուցիչ լաբորատոր փորձաքննությունների համար լրացուցիչ գումար է պահանջել Հայաստանից։

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել բավարարելու ընկերության վերանայված գնային առաջարկը։
Հիշեցնենք` «Հյուսիս-հարավ» ճանապարհի ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների վերաբերյալ 2018թ–ի սեպտեմբերին քրեական գործ էր հարուցվել։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ անհրաժեշտություն է առաջացել ճանապարհի բետոնե ծածկի որակը ստուգելու։ Քրեական գործով ավելի քան 500 անձ էր հարցաքննվել, այդ թվում` նախկին նախարարներ։ Խուզարկվել էր Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Բեգլարյանին պատկանող տարածքը։
2019թ–ին հայտնի էր դարձել, որ կապալառուն 2019-ի սեպտեմբերի դրությամբ 2.2 մլրդ դրամ է պարտք 28 շինանրարական ենթակապալառու կազմակերպություններին։
Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարության համար մրցույթ կհայտարարվի