ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ընդգծել, որ խնդրի բարդացումը, առավել ևս՝ ռազմական հակամարտությունն Ուկրաինայում, ոչ մեկին ձեռնտու չէ։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը:
Նշվում է, որ Թուրքիան դիվանագիտական շփումների ու բանակցությունները շարունակելու կողմնակից է: Էրդողանը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում իրավիճակը պետք է լուծվի Մինսկի համաձայնությունների հիման վրա։
Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ ակնկալում է Ռուսաստանի նախագահի շուտափույթ այցը Թուրքիա՝ բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու համար:
Հիշեցնենք՝ իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։
Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։
Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։
Երեկ` փետրվարի 22–ի ուշ երեկոյան, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։