ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն իշխանությանն առաջարկում է տարեկան առնվազն մեկ անգամ ինդեքսավորել թոշակներն ու նպաստները` գնաճի բացասական հետևանքներից բնակչության խոցելի հատվածին զերծ պահելու համար։
Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց նախագծի հեղինակ, «Հայաստան» խմբակցության անդամ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանը։
«Մենք ունենք մի իրավիճակ, երբ բնակչության հատկապես անապահով հարյուր հազարավոր մարդկանց գնողունակությունը նվազում է առնվազն գնաճի չափով, բայց թոշակների բարձրացում, ինդեքսավորում մենք չենք կատարում»,– ասաց Վարդանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ վերջին 4 տարում ՀՀ–ում կենսաթոշակներն ավելացել են միայն մեկ անգամ` 3000-3 500 դրամով։ Իսկ անցյալ տարի ՀՀ 500 000 թոշակառուներից միայն 21 600 նվազագույն կենսաթոշակ ստացող ների թոշակներն են ավելացել 2 600 դրամով։
Նախագծով առաջարկվում է նպաստներն ու աշխատանքային կենսաթոշակն ինդեքսավորել սպառողական գների տոկոսային փոփոխության չափով, իսկ զինվորական կենսաթոշակը` սպառողական գների տոկոսային փոփոխության 50 տոկոսի չափով։ Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքն առաջարկվում է հաշվարկել միջին աշխատավարձի փոփոխության չափով։
Հանձնաժողովի նիստին ներկա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ընդդիմության` պարտադիր տարեկան ինդեքսավորման առաջարկը խնդրահարույց որակեց` առաջարկելով թոշակների բարձրացման կոնկրետ չափը սահմանելու իրավասությունը թողնել կառավարությանը` ելնելով տվյալ բյուջետային տարվա սոցիալ–տնտեսական ու ֆինանսական հնարավորություններից։
«Ելնելով վերոգրյալից` փաթեթի ընդունումը նպատակահարմար չենք համարում և առաջարկում ենք նախագծով առաջարկվող օրենքների հոդվածները թողնել անփոփոխ»,– ասաց փոխնախարարը։
Քննարկման ավարտին նախագիծն արժանացավ հանձնաժողովի բացասական եզրակացությանը։ Դրա վերջնական ճակատագիրը պարզ կլինի արդեն ԱԺ–ի լիագումար նիստում։