ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ավերիչ պատերազմից հետո ՀՀ–ն արտահերթ ընտրություններ անցկացրեց` այդպիսով լուծելով ներքաղաքական խնդիրները, ինչպես նաև սահմաններին խաղաղություն հաստատելու քայլեր է անում։
Երևանում անցկացվող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ իր ելույթում հայտնեց Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը։
«Մենք պետք է փորձենք լուծել խնդիրները և առաջին հերթին պետք է կոմունիկացիներն ապաշրջափակենք։ Երկրորդ կարևոր խնդիրը սահմանազատումն ու սահմանագծումն է ՀՀ–ի և Ադրբեջանի միջև. մենք գտնում ենք, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հայելային եղանակով հետ քաշվեն ՀՀ տարածքներից, որից հետո սահմանազատման հարցում սառույցը տեղից կշարժվի։ Իսկ ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ապա այն դեռ լուծված չէ»,–ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով` երկու երկրների միջև կան նաև այլ խնդիրներ. 44-օրյա պատերազմից հետո դեռ մի շարք հայեր են գտնվում գերության մեջ` նրանք պետք է հայրենիք վերադառնան։
Բացի այդ, պետք է միջազգային կառույցները հնարավորություն ունենան մուտք գործել այն տարածքներ, որտեղ մշակութային կոթողներ կան, որպեսզի դրանց պահպանության խնդիրները լուծվեն։
Անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին` Կարապետյանը նշեց, որ գործընթացը կարող է առաջ գնալ ԼՂ հակամարտության հարցից անկախ։
«Ուզում ենք տեսնել Թուրքիայի հետ հարաբերությունների արդյունքները՝ բացել հայ–թուրքական սահմանը»,– ասաց Կարապետյանը։
Նա հիշեցրեց, որ հենց Թուրքիան է փակել հայ–թուրքական սահմանը։