Ծաղկաձորում գողություն կատարելիս ընկած տղամարդը հիվանդանոցում մահացել է

Շուրջ 1 ամիս առաջ նա փորձել էր գողանալ պատուհաններ 2-րդ և 3-րդ հարկերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ծաղկաձորում գողություն անել փորձող 44-ամյա տղամարդը, ով ընկել էր 3-րդ հարկից ու հայտնվել հիվանդանոցում, փետրվարի 21–ին մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ նա գողություն կատարելու նպատակով հունվարի 26-ին գնացել էր Ծաղկաձորի Պահլավունյաց փողոցի կոմունալ տնտեսության չգործող շինություն և փորձել էր գողանալ 2-րդ և 3-րդ հարկերի պատուհանները, սակայն 3-րդ հարկից ընկել էր ու մարմնական վնասվածքներ ստացել։
Տղամարդու մահվան վերաբերյալ հաղորդումը ոստիկանությունում ստացվել է փետրվարի 21-ին, ժամը 17։35-ին։ Կատարվում է նախաքննություն։