Շինծու, հակահայ․ ԱԳՆ-ն դատապարտում է ՀՀ և ԱՀ նախագահների նկատմամբ Ադրբեջանի հետապնդումները

Ադրբեջանը նոր թափով է ծավալում երկար տարիներ վարած հայատյաց քաղաքականությունը, սահմանագոտում հետագա լարվածության հարուցման նոր փորձեր ձեռնարկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խոստորեն դատապարտում է Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների ու Արցախի ներկայիս նախագահի նկատմամբ Ադրբեջանի սկսած քրեական հետապնդման ու միջազգային հետախուզում հայտարարելու գործողությունները։ ԱԳՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով երեկ՝ փետրվարի 21-ին հայտնի դարձած իրողությանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը քրեական հետապնդումներն անվանել է շինծու և հակահայ նկատառումներով թելադրված, ընդգծել, որ սա միջազգային իրավապահ ընթացակարգերի չարաշահում է։

«Արցախի քաղաքացիական անձանց արտադատական սպանությունների և հայ ռազմագերիների բռնի անհետացումների մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու, ինչպես նաև տարածաշրջան ահաբեկիչներ բերելու հանցագործ ցանցերը բացահայտելու ջանքեր գործադրելու փոխարեն Ադրբեջանը նոր թափով է ծավալում երկար տարիներ վարած հայատյաց քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղում, Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հետագա լարվածության հարուցման նորանոր փորձեր է ձեռնարկում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արտգործնախարարությունն Ադրբեջանին կոչ է արել կառուցողական դաշտում լուծումներ փնտրել, ինչպես նաև ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք ուղղված են տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպանությանն ու բարօրությանը։
Միաժամանակ ԱԳՆ-ն վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ գործադրել ջանքեր, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանում խաղաղ գոյակցության և փոխադարձ հանդուրժողականության հաստատմանը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևը փետրվարի 21-ին APA գործակալության հետ զրույցում ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել` 1988 թվականից նրանց «ծավալած գործունեության համար»։
Փաշինյանաալիևյան սիրախաղ է. Քոչարյանի գրասենյակը` Ադրբեջանի հայտարարած հետախուզման մասին
Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի` Քոչարյանն ու Սարգսյանը 1988թ–ից Ստեփանակերտում ժողովներ են կազմակերպել, ատելություն սերմանել, իսկ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակել են Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, Շահումյանի շրջանը կցել Լեռնային Ղարաբաղին, որոշում կայացրել այդ տարածքներում Ադրբեջանի Սահմանադրության ու ադրբեջանական օրենքների գործողության դադարեցման մասին։
Ավելի վաղ՝ փետրվարի 15-ին, Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը հայտարարել էր, թե Ադրբեջանի դատախազությունը «նախատեսում է սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։