ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ռուսաստանն ամենամոտ ժամանակում Ուկրաինայից կտարհանի դեսպանատան աշխատակազմը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ստեղծված իրավիճակում մեր առաջնահերթ խնդիրը ռուս դիվանագետների և դեսպանատան ու գլխավոր հյուպատոսությունների աշխատակիցների մասին հոգ տանելն է։ Նրանց կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու համար Ռուսաստանի ղեկավարությունը որոշել է Ուկրաինայից տարհանել ռուսական հիմնարկների աշխատակազմը, ինչը կիրականացվի ամենամոտ ժամանակում», – ասվում է դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարել են քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրերն են ստորագրել, ապա դիմել են ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին: Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։ Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։