ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Բարձր ջերմաստիճանների միացյալ ինստիտուտի (ОИВТ) և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ընդհանուր ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները ստեղծել են վիրուսի տարածման մաթեմատիկական մոդել, որը համապատասխանում է կորոնավիրուսի «Օմիկրոն» և «Դելտա» տարբերակների միաժամանակյա գոյությանը և ցույց են տվել, թե ինչպես է մեկը դուրս մղում մյուսին, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ԲՋՄԻ–ի մամուլի ծառայությունից:
«Գիտնականներն ուսումնասիրել են համաճարակի ընթացքում վիրուսի պակաս կոնտագիոզ տարբերակի փոխարինման մեխանիզմները COVID-19–ի «Օմիկրոն» և «Դելտա» շտամների օրինակով... Ցուցադրվել է, թե ինչպես է «Օմիկրոն» վիրուսի տարածումն արագացնում «Դելտա» վիրուսի անհետացումը համաճարակով բռնկված պոպուլյացիայում»,–ասվում է հաղորդագրության մեջ։
«Օմիկրոնն» ու «Դելտան» նույն վիրուսի շտամներն են, սակայն ըստ ախտանշանների և ծանրության էականորեն տարբեր հիվանդություններ են առաջացնում։ Տրիգերը նշել է, որ COVID-19–ի տարածումը նկարագրելու համար նախկինում մշակված համաճարակի զարգացման դիֆերենցիալ մոդելները չեն դիտարկել նոր իրավիճակը, երբ այդ երկու շտամները բնակչության շրջանում գոյություն ունեն միաժամանակ։
Ինչպես կարծում են գիտնականները, մոդելում կարելի է ներառել տարբեր արտաքին գործոնների՝ պատվաստումների ազդեցությունը, որը գործում է սահմանափակ ժամանակ, և վերապատվաստումները, ինչպես նաև հատուկ կարանտինային միջոցառումները, որոնք հաստատվում են պետական մարմինների կողմից` համաճարակի ընթացքը դանդաղեցնելու համար:
Սերգեյ Տրիգերի խոսքով՝ տեսության հետագա զարգացումը հիմնականում կապված է վիրուսների ոչ լիարժեք «օրթոգոնալության» հետ. օրինակ` «Օմիկրոն» շտամով կարող է կարճ ժամանակ անց վարակվել «Դելտա» վիրուսով վարակված–առողջացածը, բայց ոչ հակառակը:
Նշվում է, որ նոր մոդելը ցույց է տալիս, թե ինչպես է ավելի կոնտագիոզ շտամի ի հայտ գալը նվազեցնում պակաս կոնտագիոզ շտամի շրջանառության ժամանակը, նվազեցնում վերջինիս հարուցած հիվանդությունների առավելագույն հնարավոր թիվը և արագացնում ամբողջ համաճարակային գործընթացը: