ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է դատապարտյալ, 1981թ. ծնված Կ. Ա.-ի դին։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարաղական ծառայությունից։
Նշվում է, եր երեկ՝ փետրվարի 21-ին, ժամը 21:20-ի սահմաններում, Կ. Ա.-ի դին հայտնաբերվել է խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում: Նա դատապարտված էր 2015 թվականից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104հոդվածի 1-ի մասով (սպանություն)։
«Պատիժը կրելու ընթացքում դատապարտյալը պարբերաբար կատարել է ինքնավնասումներ, իսկ 2020 թվականին կատարել էր ինքնասպանության փորձ, որը կանխվել էր հիմնարկի աշխատակիցների կողմից»,-նշված է հաղորդագրության մեջ:
Քրեակատարաղական ծառայությունից նաև հայտնում են, որ Կ. Ա.-ն ունեցել է մի շարք հիվանդություններ, տարբեր ժամանակահատվածներում բուժում է ստացել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, մշտապես գտնվել է հոգեբույժի դինամիկ հսկողության տակ:
Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի մասնագետներն անհատական ընդունելության ընթացքում դատապարտյալի հետ իրականացրել են հուզական վիճակի կայունացման, ինչպես նաև համապատասխան բացատրական և խորհրդատվական աշխատանքներ հացադուլի, ինքնավնասումների բացասական հետևանքների, իր իրավունքների, ինչպես նաև իր կողմից ներկայացված խնդիրները և խնդրանքները համապատասխան իրավական ընթացակարգով լուծելու վերաբերյալ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: