Հայաստանում հայտնաբերվել է նաև «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը

«BA.2»-ն ավելի վարակիչ է, քան նախորդ ենթատարբերակը և կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի` ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ իրականացրած սեքվենավորման (ՊՇՌ դրական նմուշների) արդյունքները ցույց են տվել, որ ներկայումս Հայաստանում շրջանառում է նաև COVID-19 «Օմիկրոն» տարբերակը (շտամը), այդ թվում՝ «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Գիտնականների կարծիքով` «BA.2»-ն ավելի վարակիչ է, քան նախորդ ենթատարբերակը, և համաձայն մի շարք հետազոտությունների՝ կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք։
«Օմիկրոնով» վարակված 5 երեխա վերակենդանացման բաժանմունքում են. ՀՀ առողջապահության նախարար
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է Բոտսվանայում և Հարավային Աֆրիկայում 2021–ի նոյեմբերին։ Մասնագետների կարծիքով՝ դրանով կարող են վարակվել արդեն հիվանդացածներն ու պատվաստվածները։ Նոր տարբերակը հայտնաբերվել է ավելի քան 140 երկրներում, այդ թվում ՝ Հայաստանում։ Այն տարածվում է ավելի արագ, քան նախորդ «Դելտա» շտամը։
Ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ Հայաստանում նկատվում է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճ։ Նա նշել էր, որ ուրախացնում է միայն այն, որ հիվանդացածների շրջանում հոսպիտալացման կարիք ունեն միայն 5-6 տոկոսը։