ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը: Այս մասին նշված է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում։
«Ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք:
Անկախ պետականության կերտումը և նրա միջազգային ճանաչումը հրամայական է դառնում հատկապես գոյաբանական վտանգների ներքո, քանի որ այն բավականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արյունահեղության և մարդասիրական աղետի կանխարգելման համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար և ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով:
«Ուստի, համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը:
Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։ Հուսով ենք, որ երբեմնի ծաղկող այս երկրում կրկին կվերահաստատվի ամուր խաղաղություն և կայունություն»,-եզրափակել է Արցախի նախագահը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստից հետո ուղերձով դիմել Է ՌԴ քաղաքացիներին, հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում որոշում ընդունել անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, քանի որ նրանք, ովքեր ընտրել են արյունահեղության, բռնության և անօրինականության ուղին, չեն ճանաչել և չեն ճանաչում Դոնբասի հակամարտության որևէ այլ լուծում, բացի ռազմականից:
Դրանից անմիջապես հետո նախագահը Կրեմլում ստորագրել է հրամանագրեր՝ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին, ինչպես նաև օգնության պայմանագրեր: