ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը Ադրբաջանում ՀՀ երկրորդ նախաագահի նկատմամբ հարուցված քրեական գործն ու հայտարարված հետախուզումը որակում է որպես «Փաշինյանաալիևյան սիրախաղի» նոր փուլ։
«Տեղեկացանք նախագահ Քոչարյանի դեմ հարուցված հերթական քրեական հետապնդման լուրին: Զարմանալի չէ, որ Փաշինյանաալիևյան սիրախաղի այս փուլում դա արվում է նաև Ադրբեջանում: Ազգային արժանապատվության գնով Ադրբեջանից խաղաղություն մուրացող ՀՀ իշխանությունները օգնություն են ստանում իրենց «կիրթ և կառուցողական» ընկերներից»,– ասված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևն այսօր APA գործակալության հետ զրույցում ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել 1988 թվականից նրանց «ծավալած գործունեության համար»։
Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի` Քոչարյանն ու Սարգսյանը 1988թ–ից Ստեփանակերտում ժողովներ են կազմակերպել, ատելություն սերմանել, իսկ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակել են Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, Շահումյանի շրջանը կցել Լեռնային Ղարաբաղին, որոշում կայացրել այդ տարածքներում Ադրբեջանի Սահմանադրության ու ադրբեջանական օրենքների գործողության դադարեցման մասին։