ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵՄ խորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերի անցկացումը և նշել, որ դրանք կարևոր հարթակ են համագործակցության զարգացման ու երկխոսության համար: Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարության զարգացման օրակարգը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է և այդ ուղղությամբ քայլերը շարունակելու են կրել հետևողական ու շարունակական բնույթ:
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսը շեշտել է Հայաստանում ժողովրդավարական արդյունավետ բարեփոխումների փաստը և հույս հայտնել, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու խորանալ:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, հաղորդակցման ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման նպատակով:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթի նիստերը։ Արևելյան գործընկերության երկրները ռոտացիայով են անցկացնում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստերը։ Հիմա հերթը Երևանինն է։ Նիստերին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև 2 ադրբեջանցի պատգամավոր` Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։
Արևելյան գործընկերության երկրները ռոտացիայով իրենց մոտ անցկացնում են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստերը։ Հիմա հերթը հասել է Երևանին։
Նշենք, որ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել պատվիրակություն ուղարկել Երևան, սակայն ինքը չի կարող միանշանակ պնդել, որ այցը կկայանա:
Հայկական ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում երկխոսություն վարել ադրբեջանցի պատգամավորների հետ։