«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը նոր տնօրեն ունի

Քաղաքապետը կարգադրել է քաղաքի սանիտարական մաքրման աշխատանքներում ներառել ևս 200 աշխատակից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը նոր տնօրեն ունի. նա Հովհաննես Մանուկյանն է։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկությունը հայտնեց աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
Քաղաքապետը շնորհավորեց Մանուկյանին նշանակման կապակցությամբ և նշեց, որ իրենց սպասում է բարդ աշխատանք և կառուցվածքային փոփոխություններ։

«Ես արդեն կարգադրել եմ, որ քաղաքի սանիտարական մաքրման աշխատանքներում ներգրավվեն ևս 200 աշխատակիցներ»,- ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ 2019թ–ի հոկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը և Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը պայմանագիրը վաղաժամկետ լուծարել են։
Ընկերությունում կարծում էին, որ իրենց վտարել են շուկայից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի գործունեությունն ընդլայնելու համար:
Անցնում ենք նոր մշակույթի․ Երևանում աղբահանության բարեփոխումը սկսվել է
Ավելի վաղ` Երևանի ավագանու 2019 թվականի օգոստոսի 9-ի նիստում, որոշում է կայացվել 1,7 միլիարդ դրամ տրամադրել «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման» հիմնարկության ձևավորման, ինչպես նաև թափոնների օգտահանման համար:
Հավելենք, որ 2022թ–ի փետրվարի 9-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ էր հարուցվել Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանի ու նրա տեղակալ Կարեն Թորոսյանի դեմ։
Նշվում էր, որ նրանք հափշտակել են առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով ավելի քան 1 մլն ՀՀ դրամի վնաս պատճառել Երևան համայնքին:
Նույն օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից կայացված որոշման հիման վրա Ա. Գրիգորյանն ու Կ. Թորոսյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել են, իսկ հաջորդ օրմ ազատ արձակվել։
Նշվում էր, որ նրանք փոխհատուցել են պետությանը պատճառված ողջ գումարը։