ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Պետական մակարդակի արտակարգ իրավիճակ է հայտարարված ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում` պոմպակայանի կանգի և 21 հազար բնակչի համար կենտրոնական ջրամատակարարման դադարեցման պատճառով, հայտնում է ԴԺՀ-ի ԱԻՆ-ը։
Ավելի վաղ հրադադարի ռեժիմի վերահսկողության և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությունը հայտնել էր, որ ԴԺՀ-ի Վասիլևյան պոմպակայանը վնասվել է ուկրաինացի ուժայինների կողմից գնդակոծության հետևանքով, այդ կապակցությամբ կանգնեցվել է Հարավդոնբասյան ջրատարի առաջին վերելքի կայանը:
«Հրետանային ինտենսիվ գնդակոծությունների հետ կապված <...> անցած մեկ օրում արձանագրվել են կենսապահովման համակարգերի բնականոն աշխատանքի մի շարք խախտումներ: Այսպես, Հարավային Դոնբասի ջրատարի առաջին վերելքի պոմպակայանի կանգառի և, որպես հետևանք, խմելու ջրի կենտրոնացված ջրամատակարարման դադարեցման կապակցությամբ հանրապետությունում հայտարարվել է պետական մակարդակի արտակարգ իրավիճակ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հայտարարության համաձայն՝ ԴԺՀ-ում առանց ջրի են մնացել Դոկուչաևսկի և Ելենովկայի ավելի քան 21 հազար բնակիչ, ավելի քան 50 սոցիալական օբյեկտ։
«Դրանք կաթսայատներ են, հիվանդանոցներ, մանկապարտեզներ ու դպրոցներ։ Այս կապակցությամբ հաստատվել է արձագանքման պետական մակարդակ», - տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից ։
Ինչպես նշում Է գերատեսչությունը` ԴԺՀ-ում ապահովվել է տեխնիկական ջրի մատակարումը բնակչությանը, աշխատանքներ են տարվում ջրամատակարարման համակարգը ստորգետնյա ջրերի հորերին միացնելու ուղղությամբ: Փետրվարի 20-ից «Մայսկի» ջրառի թիվ 1 հորատանցքից սկսվել է մանրէազերծված ջրի մատակարարումը Դոկուչաևսկի կենտրոնական հատված:
«Ներկա պահին ապահովվել է տեխնիկական ջրի մատակարումը բնակչությանը և երեք կաթսայատներին։ Աշխատանքներ են տարվում նաև ջրամատակարարման համակարգը ստորգետնյա ջրերի հորերին միացնելու ուղղությամբ »,–ասված է հաղորդագրության մեջ։
Դոնբասում իրադրությունը սրվել է վերջին օրերին, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարում են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին:
ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Առաջին հերթին այն վերաբերում է կանանց, երեխաներին և տարեցներին։
Ինչպես հայտարարել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մոտ ժամանակներս զինվորականներին կարգադրել է Դոնբասում հարձակման անցնել:
Փետրվարի 19–ին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագրեր են ստորագրել: