ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Պաշտոնական Կիևը հանդես է գալիս անհապաղ եռակողմ կոնտակտային խումբ հրավիրելու և լռության ռեժիմ սահմանելու օգտին: Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ում՝ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո։
Զելենսկին հայտնել է, որ Մակրոնի հետ քննարկել Է Դոնբասի անվտանգության հետ կապված ընթացիկ իրավիճակը և պատմել է գնդակոծությունների մասին:
«Ի շարունակություն երեկվա զրույցի՝ Էմանուել Մակրոնին տեղեկացրել եմ անվտանգության ներկայիս իրավիճակի և նոր սադրիչ գնդակոծությունների մասին։ Մենք կողմ ենք խաղաղ գործընթացի ակտիվացմանը։ Աջակցում ենք ԵԿԽ-ի (Եռակողմ կոնտակտային խումբ) անհետաձգելի գումարմանը և լռության ռեժիմի անհապաղ ներդրմանը»,-նշել է Ուկրաինայի ղեկավարը:
Փետրվարի 17-ին իրավիճակը Դոնբասում սրվել է։ Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները հայտարարել են ուկրաինացի ուժայինների կողմից տասնյակ գնդակոծությունների մասին: ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռուսաստան՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ: