ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը Արցախի վերածննդի 34֊ամյա տարեդարձի առթիվ հաղորդագրություն է տարածել։ Դրանում ասված է, որ Արցախյան շարժման մեկնարկի այս օրը էլ ավելի կարևոր դարձավ 2020թ. պատերազմի հետևանքով։
«Թեև մեր արդար պայքարի ճամփան դարձել է ավելի ծանր ու երկար, սակայն, միևնույն է, մեր վերամիավորման վերջնանպատակը մնում է անփոփոխ: Իսկ նախքան այդ պետք է Արցախը պահել հայկական և անընդհատ ամրացնել: Ուստի, ով ունի նույն ազգային նպատակները, ուրեմն ունի իր բաժին անելիքներն այդ պայքարում», - գրված է ուղերձում։
Նշվում է, որ յուրաքանչյուր հայի առաջին ու ամենապարզ անելիքը հիմա Արցախ այցելելը և ներազգային պառակտություններ թույլ չտալն է:
«Արցախը եղել է ու հավերժ կլինի հայկական», - ամփոփում է Բեգլարյանը։
Այսօր նշվում է Արցախի վերածննդի 34-ամյա տարեդարձը․ 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու վերաբերյալ։