ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Մյունխենում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների և համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման գործում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ համապատասխան ներուժ կա` զարգացնելու համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում։
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարներն ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման, ներդրումային ծրագրերի իրականացման և գործարար շրջանակների միջև շփումների հաստատման կարևորությունը։
2021 թվականի հոկտեմբերի վերջին Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը երկրի պատմության մեջ առաջին անգամ այցելեց Սաուդյան Արաբիա, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի։ Մինչ այդ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներից որևէ մեկը անկախությունից ի վեր չէր այցելել այդ երկիր։