Համացանցում արդեն տեսանյութ է հայտնվել Դոնեցկի կենտրոնում գտնվող Փակ շուկայից։ Երևում է, թե ինչպես են ավտոբուսները շարքով կանգնած սպասում քաղաքացիական բնակչության հավաքվելուն։ Ամեն ինչ կազմակերպված է, առանց խուճապի և իրարանցման։
Զանգվածային տարհանումը կազմակերպել են չճանաչված հանրապետությունների` ԴԺՀ–ի և ԼԺՀ–ի իշխանությունները։ Նրանց տեղեկություններով՝ Կիևը պատրաստվում է հարձակվել Դոնբասի վրա: Լուգանսկի և Դոնեցկի մարզերից դուրս են բերում երեխաներին, կանանց և ծերերին։ Մարդկանց տեղավորում են առողջարաններում:
Ռոստովի մարզի սահմանին 15 անցակետ է աշխատում։
Հիշեցնենք` Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ռոստովի մարզում ԴԺՀ–ի քաղաքացիներին համապատասխան վայրերում տեղավորելու համար։
Փետրվարի 18-ին էլ Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել էր, թե Ուկրաինայի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության վիճակի ու պատրաստ են Դոնբասի գրավմանը։
Պուշիլինն ասել էր, որ Զելենսկին շուտով զինվորականներին կհրամայի իրականացնել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածք ներխուժելու պլանը:
Նշենք, որ Դոնբասի խաղաղ բնակչության զանգվածային տարհանումը սկսվել է երեկվանից։