Ինչպես Արեգը դարձավ մանկական գրքի համահեղինակ, կամ բլոճիկներն արդեն տպագիր տարբերակ ունեն

Հայաստանում այսօր նշվում է Գիրք նվիրելու օրը։ Գրախանութներում արդեն վաճառվում է մանուկների համար նախատեսված Արեգ Բալայանի գիրքը։ Հեղինակը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է դրա ստեղծման պատմությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Լուսանկարիչ, սթրիթ–արտ նկարիչ Արեգ Բալայանի անունը հայտնի է ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Նա ճանաչում ձեռք բերեց ոչ միայն Արցախում արված ռազմական լուսանկարներով, այլև իր բլոճիկների շարքով. այսպես է Արեգն անվանում իր փողոցային արվեստի գործերը։
Իսկ պատերազմից հետո, ի զարմանս շատերի, սթրիթ–արտի վարպետը դարձավ գունազարդելու համար նախատեսված «Խաղա, որ սովորես բլօջիկների հետ» մանկական գրքի համահեղինակ։ Գրքի վրա Արեգն աշխատել է Քրիստինե Քանանյանի հետ։
Արեգ Բալայանը պատմում է մանկական գրքի մասին
Գրքի գաղափարը ծնվել էր դեռ Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ, սակայն շնորհանդեսը տեղի ունեցավ պատերազմի ավարտից մեկ տարի անց։ Սկզբում Արեգը զբաղված էր պատերազմական կադրեր որսալով, հետո` այլ գործերով, բայց Քրիստինեի համառությունն իրենն արեց։ Նրանց վերջապես հաջողվեց մեկտեղել շատերի կողմից սիրված «բլօջիկները»` իշուկին, թռչնակին, եղնիկին, կատվին և մյուս կենդանիներին։ Հայտնվեցին նաև նոր կերպարներ, օրինակ` Լուսինը, որին Արեգը շատ ջերմ է վերաբերվում։
Գրախանութներում «ասեղ գցելու տեղ չկա». մարդիկ հերթ են կանգնում գիրք գնելու համար
Արեգ Բալայանը պատմում է մանկական գրքի մասին
«Առանց դրա չէր լինի։ Չէ՞ որ բլօջիկներն իմ ներաշխարհն են արտացոլում։ Սա մանկություն վերադառնալու, լույսը զգալու ու փոխանցելու ձև է», – ասում է նա։
Ի դեպ, կերպարների անունները ևս նկարչի մանկությունից են վերցված։ Երբ փոքր էր, պապը նրան ու մյուս երեխաներին «բոգոճ» էր (բլոճ` լոռվա բարբառով) ասում։ Արցախում, ուր հետո նա տեղափոխվեց ընտանիքի հետ, բլոճներին «բգոճ» են ասում, այսինքն` շատ նման է լոռվա տարբերակին։ Տարիներ անց էլ նա սկսեց բլոճ անվանել իր երեխաներին։
Իսկ երբ հայտնվեցին նրա առաջին «փոքր» կերպարները, երկար չմտածեց և որոշեց դրանց նույն անունը տալ, թեպետ ուղղագրական սխալով, որը գրքում բացատրվում է, որպեսզի երեխաները միանգամից սովորեն ճիշտ գրելաձևը։
«Ինձ համար կարևոր է երեխաների համար վատ օրինակ չդառնալը։ Դրա համար առաջարկեցի գրքում բառը ճիշտ գրել, բայց Քրիստինեն հետաքրքիր տարբերակ գտավ, որը թույլ տվեց պահպանել «աուտենտիկ» անվանումը», – պատմում է Արեգը։
Նկարիչը խոստովանում է, որ երեխաներին գիրքը դուր է եկել։ Նրանք, ովքեր բլոճիկներին տեսել են դրսում, անմիջապես ճանաչել են։ Կան նաև մարդիկ, որոնք տեսել են և՛ «բլօջիկներին», և՛ Արեգի հետ են ծանոթ, բայց չգիտեին, որ հենց ինքն է դրանք նկարում։
Արեգ Բալայանը պատմում է մանկական գրքի մասին
Նկարիչն ինքը մանկական ոգևորությամբ է պատմում` ինչպես է իր առաջին մեծ բլոճը նկարել Երևանի կենտրոնում, որտեղ է վերջին անգամ նկարել, ինչպես է մի օր մաքրել իր նկարածը և նկատողություն ստացել ոստիկաններից, բայց անմիջապես ավելացնում է` դա երեխայություն է, ցանկություն, որին ինքը չի դիմադրում։
– Բլոճիկ տեսել եմ Քարվաճառում քաղաքի հանձնման օրը։ Ինչո՞ւ էիր նկարում այն տարածքներում, որոնք Ադրբեջանին էին անցնում։
– Ուզում էի, որ այնտեղ կյանքի մասին հիշողություն մնար։ Որպեսզի մարդիկ ու երեխաները, որոնք գուցե ապրելու են այնտեղ, տեսնեն դրանք ու սկսեն մեզ հիշել ոչ որպես մարդակեր ու թշնամի։
– Հիմա էլ Լաչինի՞ միջանցքում։
– Այնտեղ բլոճիկներն օգնում են մարդկանց շեղվել ծանր մտքերից ու տառապանքներից։ Ասում են` օգնում է։ Ես էլ ամեն անգամ նորն եմ նկարում։
«I recognize Artsahk». Արեգ Բալայանը շունչ է հաղորդում թշնամու մահացու հետքին. տեսանյութ