Արարատ Միրզոյանը Գերմանիայում քննարկել է հայ գերիների անհապաղ հայրենադարձման հարցը

ՀՀ արտգործնախարարը ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին Մյունխենում հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ պետնախարար Տոբիաս Լինդների հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու պետությունների միջև արդյունավետ համագործակցության շուրջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ է արձանագրել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների դրական դինամիկան՝ խարսխված պատմական կապերի, ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա։

Արարատ Միրզոյանը և Տոբիաս Լինդները երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ պատրաստակամություն են հայտնել խորացնելու երկու երկրների միջև համագործակցությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։

Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը: Քննարկվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման հարցը։

Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Հիշեցնենք` Միրզոյանը փետրվարի 18-ին մեկնել է Գերմանիա, որտեղ նա մասնակցելու է Մյունխենի 58-րդ անվտանգության համաժողովի աշխատանքներին։