Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը

Չաուշյանը 75 տարեկան էր։ Նա 1973 թվականից դասավանդում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Կյանքից հեռացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը, տեղեկանում ենք կոմպոզիտորների միության ֆեյսբուքյան էջից։
«Հայաստանի կոմպոզիտորների միությունը ցավակցում է կոմպոզիտորի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա երաժշտության երկրպագուներին»,–նշված է գրառման մեջ։

Լևոն Չաուշյանը 75 տարեկան էր։ Նա 1973 թվականից դասավանդում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում. 2003-ից պրոֆեսորի կոչմանն է արժանացել։

Չաուշյանը գրել է «Անհայտ զինվորին» սիմֆոնիան, որի համար հանրապետական մրցույթի 1-ին մրցանակին է արժանացել 1985-ին, իսկ ֆլեյտայի և կամերային նվագախմբի համար կոնցերտների համար` «Տրիբունա ՅՈՒՆԵՍԿՕ»-ի մրցանակի։
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Չաուշյանը 2021-ին Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրվել։