ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. 2022թ. մարտի 11-ին Երեւանում կանցկացվի ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի հերթական նիստը։
Երևանյան նիստին ընդառաջ այսօր` փետրվարի 18-ին կայացել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների առցանց հանդիպումը։
Ինչպես հայտնում են ԱԺ–ից, այն վարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Առցանց հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ քարտուղարության ներկայացուցիչները:
Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է միջազգային քաղաքականության և անվտանգության արդի հարցերի շուրջ համատեղ դիրքորոշումների համակարգման ու փոխադարձ աջակցության, ինչպես նաև` ՀԱՊԿ-ի անդամ պետությունների շահերն ու պարտավորությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը: Աղաջանյանը նաև ընդգծել է ԵԱՀԿ ԽՎ նիստերում որոշ հարցերի վերաբերյալ հնարավոր հավաքական որոշումներով հանդես գալու կարևորությունը:
Հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով` քանի որ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանների ձեւաչափը չի նախատեսում բանաձևերի քվեարկություն կամ որևէ զեկույցի ընդունում, այսօրվա հանդիպմանը կներկայացվեն ընդհանուր տեսակետներ, ինչպես նաև կհամադրվեն կողմերի դիրքորոշումները ԵԱՀԿ ԽՎ առաջիկա 21-րդ ձմեռային նստաշրջանի խնդրահարույց հարցերի շուրջ:
Դրանք առավել մանրամասն կքննարկվեն Երևանում մարտի 11-ին նախանշված ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստում։