ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Առանց համապատասխան լիցենզիայի սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցներ են իրացրել Հայաստանում։ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը բացահայտել է դեպքը, հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից։
Տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Ս. Մ.-ն տարբեր ճանապարհներով ձեռք է բերում դեղանման ապրանքատեսակներ ու դրանք սոցիալական ցանցերի միջոցով գովազդում և իրացնում է:
Ձեռնարկված միջոցառումների շրջանակներում Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հեռախոսազանգի միջոցով ձեռք են բերել պայմանավորվածություն՝ հանդիպելու և ապրանքները գնելու վերաբերյալ: Նախօրոք պայմանավորված վայրում քաղաքացին վարչության աշխատակիցներից կանխիկ դրամով իրացրել է ընդհանուր 830.000 դրամի դեղանման ապրանքատեսակներ, որոնք բժիշկների ցուցումների հիման վրա հիմնականում օգտագործում են քովիդով վարակված հիվանդները: Իրացվող դեղանման այդ ապրանքներից «Ակտեմրա» դեղատեսակի միայն մեկ տուփի շուկայական արժեքը հասնում է 415.000 դրամի: Տվյալ քաղաքացու կողմից վաճառվող մյուս երկու՝ «Ակտեմրա ենթամաշկային» դեղատեսակների մեկ սրվակի արժեքը 200-215 հազար դրամ է:
Առողջապահության նախարարություն կատարված հարցմանն ի պատասխան ստացվել են տեղեկություններ, որ գնված ապրանքատեսակները հանդիսանում են դեղամիջոցներ և այդ դեղաչափերով ՀՀ չեն ներմուծվել: Միաժամանակ պարզվել է, որ անհատ ձեռնարկատերը դեղամիջոցների առևտուր իրականացնելու համար լիազոր մարմնից չունի ստացված համապատասխան լիցենզիա: Վերջինն ունեցել է պետական գրանցում, հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր, սակայն գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել է:
Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ վարչական վարույթ իրականացնելու համար: Տարվում են նաև հետաքննչական միջոցառումներ դեղերի և դեղամիջոցների անօրինական ճանապարհով ձեռք բերող և իրացնող անձանց շրջանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար: