ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. «Արմաթն օդում» ծրագրի շրջանակներում այսօր Ստեփանակերտի N3 դպրոցում բացվել է անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցը: Տեղեկությունը հայտնում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Արմաթն օդում» ծրագրի շրջանակներում №3 դպրոցում բացվել է անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցը (17 փետրվարի, 2022թ). Ստեփանակերտ
«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության», Արմաթի 500 խմբավարների ու թիմի անդամների շնորհիվ հնարավորություն է ընձեռվել պատանիներին յուրացնելու անօդաչու թռչող սարքերի նախագծման, պատրաստման, ծրագրային ապահովման և կառավարման առանձնահատկությունները:
«Առաջիկայում Արցախի այլ դպրոցներում ևս նման աշխատանոցներ կհիմնենք, կառավարությունն էլ պատրաստ է աջակցել այդ ծրագրերին: Եվ կարևոր է նման տեխնոլոգիական ու կիրառական գիտելիքի ու հմտությունների տրամադրումը մեր երեխաներին, որոնք արդեն հնարավորություն կունենան բարձրագույն կրթության ոլորտ մտնել կոնկրետ կողմնորոշումներով, գիտելիքներով ու նպատակներով: Շատ ուրախ եմ, որ այսպիսի կիրառական լուծումները և՛ առաջադեմ են, և՛ համապատասխանում են մեր կարիքներին ու ռազմավարական նպատակներին»,- Facebook-ի իր էջում գրել է Բեգլարյանը:
«Արմաթն օդում» ծրագրի շրջանակներում №3 դպրոցում բացվել է անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցը (17 փետրվարի, 2022թ). Ստեփանակերտ
Նշենք, որ առաջին նման աշխատանոցը (Արմաթն օդում) բացվել է Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանում։