Երևանը պատրաստվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ու Եվրատեսիլին

Բռնցքամարտի առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 280 մարզիկների, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. 2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման համար ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը հատկացվել է 77 768 000 դրամ։

«Առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 280, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն: Ընդհանուր առմամբ ակնկալվում է շուրջ 350 անձանց մասնակցություն»,– որոշման նախագիծը ներկայացնելիս հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Նախարարը նաև հայտնեց, որ հատկացված գումարով ֆեդերացիան նաև ձեռք է բերելու 2 ռինգ, 12 տանձիկ, բռնցքամարտի 300 ձեռնոց։
Նախագծի քննարկման շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության մեկ այլ որոշմամբ այսօր նաև գումար է տրամադրվելու Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին` ոչ միայն այս առաջնության, այլև Մանկական Եվրատեսիլ մրցույթի անցկացման համար։
Մալենան նոր նշաձող սահմանեց. «Մանկական Եվրատեսիլը» 2-րդ անգամ կանցկացվի Հայաստանում
Նշենք, որ ՄՀՀ–ի համար մոդուլային շարժական հատակի ձեռքբերման նպատակով կառավարությունը հատկացրել է 170 520 000 դրամ, ինֆորմացիոն լուսադիոդային (LED) ցուցատախտակի ձեռքբերման նպատակով` 60 մլն, հանդերձարանների և միջանցքի վերանորոգման համար` 42 մլն, համալիրի ճակատային մասերի կոսմետիկ նորոգման աշխատանքների նպատակով՝ ևս 6,5 մլն դրամ։
ՄՀՀ–ում կփոխարինվեն նաև երկու վերելակները, որոնց ձեռքբերման նպատակով հատկացվել է 22 800 000 դրամ։ Նախապատվությունը տրվել է բելառուսական արտադրության վերելակներին։
Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության նպատակով էլ հատկացվել է 400 000 դրամ: