ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Թաիլանդի իշխանությունը որոշել է օտար լեզուներով գրության համար փոխել Բանգկոկի պաշտոնական անվանումը` առաջարկելով լատինատառ Krung Thep Maha Nakhon անվանումը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թաիլանդի թագավորական ակադեմիական խորհրդի հայտարարությանը։
Անվանումը թարգմանաբար նշանակում է «Հրեշտակների քաղաք մեծ մայրաքաղաք», միաժամանակ Bangkok-ը կմնա որպես քաղաքի ոչ պաշտոնական անվանում:
Նոր ռեեստրն ուսումնասիրության է ուղարկվել հատուկ իրավական հանձնաժողով, որից հետո այն ուժի մեջ կմտնի։
«Դրանից հետո մայրաքաղաքի անվանումը օտար լեզուներով պաշտոնապես կգրվի Krung Thep Maha Nakhon կամ, ինչպես նախկինում, Bangkok»,- նշվում է փաստաթղթում։
Ըստ Թաիլանդի վարչապետի գրասենյակի տարածած պարզաբանման՝ տեքստում Bangkok բառը կարող է փակագծերի մեջ առնվել նոր անվանումից հետո։
Նշվում է, որ Թաիլանդում մայրաքաղաքը միշտ անվանվել է Krung Thep Maha Nakhon, բայց այս ձևը նույնպես կրճատված է, քանի որ լրիվ անվանումը բաղկացած է ավելի քան 40 առանձին տարրերից և ամենաերկարն է աշխարհում։
Թաիլանդի թագավորական ակադեմիական խորհուրդը բառերի (ներառյալ պաշտոնական տեղանունները) ուղղագրության և օգտագործման ստանդարտների մշակման, ներդրման և փոփոխման պատասխանատուն է։